Ագռավների մասսայական անկում Երևանում, ո՞րն է պատճառը, թռչնի գրի՞պ

Վերջին օրերին Երևանի տարբեր թաղամասերում բնակիչներն անկած թռչուններ են հայտնաբերում: Խոսքը հիմնականում ագռավների մասին է: Մասնագետները սոցիալական ցանցերում գրում են, որ անհասկանալի է, թե ինչից են անկել թռչունները:

Սննդամթերքի անվտանգության  պետական ծառայությունն այսօր արդեն անկած թռչուն է ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է. «Ձեր ակտիվ ջանքերի և տեղեկատվության օպերատիվ փոխանցման արդյունքում այսօր հայտնաբերվել և լաբորատոր փորձաքննության է տրվել անկած թռչուն: Փորձաքննության արդյունքներն անպայման կհրապարակենք»:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը մտահոգիչ է, քանի որ Երևանի տարբեր վարչական շրջաններից են նման ահազանգեր ստանում: «Չեմ ուզում շատ բարդացնել, բայց իրավիճակը մտահոգիչ է, որովհետև անընդհատ անկման հետ կապված լուսանկարներ ենք ստանում: Մենք այդ տեղեկատվությունն անմիջապես ուղարկում ենք Սննդամթերքի պետական ծառայություն: Եթե այդ դեպքերը մեկ թաղամասում լինեին, այլ խնդիր էր, բայց քանի որ քաղաքի տարբեր մասում է արձանագրվում, պատկերը մտահոգիչ է դառնում»,- ասաց մասնագետը:

Սիլվա Ադամյանի խոսքով՝ անկած թռչունների թվում միայն ագռավներ չեն, կան նաև կեռնեխներ: Միջազգային պրակտիկայում, ըստ  մասնագետի, այս թռչունները շատ արագ են ընկալում վարակները և տարածում:

«Դա տարածում են նաև մարդկանց շրջանում, և Աստված չանի, որ հիմա թռչնի գրիպ արձանագրվի: Չենք ուզում անգամ այդ մասին մտածել: Մենք այլ պատճառներ ենք դիտարկում, իսկ անկման համար պատճառները շատ են՝ կլիմայական փոփոխություններ, մագնիսական դաշտի ակտիվացում, թունավորում: Կերի բացակայությունն էլ է դիտարկվում որպես պատճառ, բայց դա քիչ հավանական է, քանի որ տաք ձմեռ է: Քանի դեռ լաբորատոր փորձաքննությունը մեզ տվյալներ չի տվել, ոչինչ չենք կարող հիմա ասել»,- հավելեց մասնագետը:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ագռավների մասսայական անկում Երևանում, ո՞րն է պատճառը, թռչնի գրի՞պ