Ադրբեջանը պղծում և սեփականաշնորհում է Աղթամարի վանքը. ԱՀԱԶԱՆԳ. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Ադրբեջանը պղծում և սեփականաշնորհում է Աղթամարի վանքը (լուսանկար)

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են ներքաղաքկան մանր խնդիրներով և կեղծ օրակարգերով, իսկ որոշ ապազգային տարրեր էլ չեն հրաժարվում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներից, մեր արևելյան և արևմտյան բարբարոս հարևանները, օգտվելով Հայաստանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը՝ հավակնություններ ներկայացնելով և փորձելով սեփականաշնորհել Թուրքիայի տարածքում գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենահայտնի միջնադարյան կոթողներից մեկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, վստահ լինելով, որ Հայաստանից պատշաճ արձագանքի չեն արժանանալու…

Ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել, որ վերջերս առաջին անգամ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի են այցելել, այսպես կոչված, Ադրբեջանի «ուդի-աղվանական համայնքի ներկայացուցիչները», ովքեր ներխուժելով եկեղեցի, այն պղծել են՝ բարձրացնելով ադրբեջանական դրոշը և ադրբեջաներենով կրոնական ծես կատարելով… Սույն այլանդակության կազմակերպիչը՝ Ռաֆիգ Դանագարին, հայտարարել է, որ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել են աղվանները և այն ռուսները հայերին են նվիրել 1836 թ-ին… Դանագարին նաև չի թաքցրել, որ իրենք դիմելու են թուրքական իշխանություններին՝ «սրբավայրն օրինական տերերին՝ աղվաններին վերադարձնելու խնդրանքով» …

Ավելորդ եմ համարում մեկնաբանել սույն տգիտությունը, քանի որ նույնիսկ դպրոցականի համար էլ պարզ է, որ չէր կարող ռուսական ցարը հայերին մի բան նվիրել, որը եղել է այլ երկրի՝ Օսմանյան կայսրության տարածքում, էլ չեմ ասում, թե ինչ գործ ունեին այդ ժամանակ աղվանները Վանում, երբ կառուցվում էր վանական համալիրը… Պաշտոնական Բաքուն և նրան հովանավորող Անկարան թքած ունեն պատմական ճշմարտության վրա…Նրանք իրենց ուզածին հասնելու նպատակով առաջնորդվում են ագրեսիվ մարտնչող տգիտությամբ…

Իսկ Բաքվի նպատակը ոչ միայն այն է, որ սեփականշնորհելով Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը և իրենց հռչակելով հարավկովկասյան բնիկներից մեկի՝ աղվանների հետնորդներ՝ հնացնեն իրենց պատմությունը, այլև այսպիսով հավակնություններ ներկայացնեն ոչ միայն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ, այլև արդեն այդ հավակնությունները տեղափոխեն Արևմտյան Հայաստանում գտնվող հայերի և Հայ առաքելական եկեղեցու ժառանգության նկատմամբ, որտեղ այդ ամենը պաշտպանվում է Թուրքիայի իշխանություների կողմից…

Թուրքական իշխանությունները ԽՍՀՄ փլուզումից և Հայսատանի անկախացումից հետո բավականին ակտիվ զբաղված են Արևմտյան Հայաստանում գտնվող հայերի ժառանգությունն այլ ազգերին նվիրելու քաղաքականությամբ՝ փորձելով թուլացնել հայերի «պատմական և կրոնական» դիրքերը…

Օրինակ՝ Տայքում գտնվող մի քանի վանքեր և եկեղեցիներ, որոնցից ամենանշանավորը Օշկավանքն է, թուրքերը հռչակել են վրացական եկեղեցիներ և վրացիների հետ համատեղ վերականգնողական աշխատանքներ են նախաձեռնում… Վանի Սուրբ Խաչ եկեղեցու նկատմամբ, այսպես կոչված, ադրբեջանական «ուդի-աղվանական համայնքի», որը Ալիևների կողմից ստեղծված գրպանային կազմակերպություն է, ներկայացուցիչների ագրեսիվ պահվածքը պատահական չէ և կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ…

Հետաքրքիր է այստեղ հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը և Հայաստանի ԱԳՆ-ի պահվածքը… Մինչև հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության որևէ ներկայացուցիչ այս հարցի վերաբերյալ կարծիք չեն հայտնել և հայտարարությամբ հանդես չեն եկել… Մեր իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է կեղծ աշխատատեղերի մասին տեղեկություններ հրապարակելը, ԱԺ-ի դիմաց խալի լվանալը, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ օրակարգրեր ձևավորելը կամ էլ գրադարան այցելողների թվի աճի շուրջ հրճվելը… Իսկ այդ ընթացքում Բաքուն և Անկարան համատեղ ոչ միայն պղծում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, այլև հեռուն գնացող նպատակներով հավակնություններ ներկայացնում վանական համալիրի նկատմամբ…

Հ.Գ. Հուսամ ՀՀ իշխանություններից և Հայաստանի ԱԳՆ-ից կոշտ արձագանքն ուշացումով, բայց անպայման կհնչի…

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓