«Ամեն մեկն ունի իր կարծիքը» Gucci-ի հայուհի մոդելը՝ իր հասցեին հնչած քննադատությունների և իր անցած ուղու մասին

Համացանցում շատ բուռն կերպով մինչ այժմ քննարկվում է «Գուչիի» 2020թ. գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանն առաջին անգամ հայ մոդելի մասնակցությունը և նրա յուրահատուկ արտաքինը: Ինքը՝ Արմինեն տարօրինակ է համարում այդչափ ուշադրությունն իր անձի հանդեպ:

23-ամյա Արմինե Հարությունյանը BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես է հայտնվել այնտեղ, ուր նպատակ էլ չուներ հայտնվելու:

«Գարնանն ընկերուհուս հետ Բեռլին էի գնացել՝ իմ սիրելի կորեական խմբի համերգին: Երկար էի սպասել այդ համերգին, կարծես երազանք լիներ: Բեռլինի փողոցներում զբոսնում էինք, երբ մի աղջիկ մոտեցավ, պարզվեց՝ փնտրում էր հետաքրքիր արտաքինով մարդկանց: Ինձ նկարեց, տեղադրեց իր էջում, փոխանակվեցինք հեռախոսահամարներով:


Անսպասելի հաղորդագրությունը

Արդեն Երեւանում էի, երբ նա գրեց ինձ: Պարզվեց` նկարս ուղարկել է «Գուչիին»: Նրանք էլ ինձ հրավիրում են քասթինգի` «Կրուիզ շոու»-ի համար: Չկարողացա գնալ, քանի որ վիզայի խնդիր կար: Ասացին, որ ուզում են գարուն-ամառ շոուի համար նաեւ տեսնել: Ֆինանսական բոլոր ծախսերն իրենք են հոգացել: Գնացի, մասնակցեցի քասթինգի ու ընտրվեցի: Քասթինգի պահը չեմ հիշում. այնքան լարված եմ եղել, նույնիսկ չեմ հիշում՝ քայլել եմ, թե կանգնել: Հաճելի էր, որ ընտրվեցի, բոլորն էլ շատ գեղեցիկ էին, տարբերվող, արժանի էին ընտրվելու: Մտերմացել եմ մոդելների հետ: Բոլորն էլ անհատներ են ու շատ հետաքրքիր մարդիկ:


Առաջին անգամ

Շատ լարված էի, քանի որ իմ կյանքում առաջին անգամ էի նման մասշտաբի շոուի մասնակցում: Առաջին օրը շատ տարօրինակ օր էր: Ընկերներս նախորդ օրն էին ամուսնացել ու մեղրամսի հենց Միլան էին մեկնում: Այնպես ստացվեց, որ միասին մեկնեցինք, իրենց հետ զբոսնեցի քաղաքով ու լարվածությունը մի քիչ թուլացավ: Ընկերներս ինձ միշտ աջակցում են, շատ էին ուրախացել: Ընտանիքիս անդամները սկզբում շատ էին վախենում, քանի որ կասկածելի է նման առաջարկ ստանալը, բայց նաեւ շատ էին հպարտանում:Առաջարկներ այս պահին դեռ չկան, բայց շատ հաճելի կլիներ, եթե լինեին:

«Ամեն մեկն ունի իր կարծիքը»

Այդ օրը վաղ առավոտից հավաքված էին բոլոր վարսահարդարները, դիմահարդարները, մատնահարդարները ու ամեն մեկն ուներ իր գործառույթը: Մեկ անգամ էլ փորձ արեցինք այդ օրը: Երբ արդեն հարթակին էի, չգիտեմ` ինչու, աչքերս անընդհատ արցունքոտվում էին: Ես պահում էի ինձ, որ մեկ կաթիլ արցունք էլ չգար: Մեծ էներգիա ստացա այդ պահին:

Սկզբում հետեւում էի, թե ինչ մեկնաբանություններ են գրում, հիմա՝ ոչ: Ժամանակ չունեմ մեկնաբանություններ կարդալու համար: Ամեն մարդ ունի ինքնաարտահայտվելու իր իրավունքը, ունի իր կարծիքը: Ես էլ ունեմ իմ կարծիքը թե՛ իմ, թե՛ շրջապատիս մասին:


Մինչ ցուցադրությունը

Սովորել եմ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժնում: Հետո ե՛ւ բակալավր, ե՛ւ մագիստրատուրա սովորել եմ Թատերական ինստիտուտում: Հիմա աշխատում եմ` որպես գրաֆիկ-դիզայներ: Իրականում իմ մասնագիտությունը, կարծում եմ, կօգնի մոդելային ասպարեզում: Մեր ընտանիքում բոլորը նկարիչներ են: Մեծանալով այդ միջավայրում` միշտ տարբերվում ես քո մտածելակերպով, աշխարհայացքով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓