«Ես էլ նման կերպ կվարվեի, կստորագրեի հրաման». հրապարակվել են Սերժ Սարգսյանի տված ցուցմունքից հատվածներ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց դատախազների միջնորդությունը՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը դռնփակ կարգով քննելու վերաբերյալ:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դռնբաց պայմաններում հրապարակեց Արշակ Կարապետյանի ցուցմունքներից հատվածներ. «Իմ հիշելով՝ 2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարության, ԱԱԾ եւ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների վարչության առանձին բաժինների պետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Եթե չեմ սխալվում՝ մինչեւ ՊՆ ստորաբաժանումների դահլիճ մտնելը, նախագահը առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարության հետ: Ուժային նշված անձնակազմի դուրս գալուց հետո մեր՝ ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը, որքան հիշում եմ, մասնակցում էին ուժային կառույցների միայն ղեկավարները: Քոչարյանի հետ խորհրդակցության սենյակում էր նաեւ վարչապետ, նախագահի հաղթող թեկնածու Սերժ Սարգսյանը: Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում, մանրամասնորեն դժվար կարողանամ մտաբերել խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, սակայն ընդհանուր գծերով կներկայացնեմ»,- Ալումյանի ցուցմունքի մեջբերումը ընդհատեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ առարկելով ամբողջական ցուցմունքը հրապարակելու դեմ: Ըստ դատախազի՝ քանի որ դատարանը որոշեց դռնբաց քննել այս հատվածը, ուստի, հորդորեց մեջբերումներ անել ցուցմունքներից, ոչ թե ամբողջական հրապարակել:

Դատարանը ընդունեց առարկությունները՝ նշելով, որ դատարանը ծանոթ է ցուցմունքներին եւ դրա ամբոջական հրապարակումը ամիսներ կտեւեի, ուստի, հորդորեց առարկայական մեջբերումներ կատարել: «Խոսքը գնաց ՀՀ պաշտպանության նախկին տեղակալ Մանվել Գրիգորյանի եւ Երկրապահ կամավորական միության մասին: Մասնավորապես այն, որ Մ. Գրիգորյանը եւ ԵԿՄ ադամները միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին: Խոսք գնաց նաեւ Մանվել Գրիգորյանի եւ ԵԿՄ անդամների զինվածության մասին: Այդ քննարկումների ժամանակ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը հարց ուղղեցին Միքայել Հարությունյանին, թե որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը: Միքայել Հարությունյանը զինվորականին վայել վարքագծով ոտքի կանգնեց, պատասխանեց, որ տեղյակ չի: Նրանք նրան մեղադրեցին, որ նա չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չի, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»,- Արշակ Կարապետյանի ցուցմունքից մեջբերումներ արեց Ալումյանը, ինչը կրկին դատախազների առարկությունների պատճառով ընդհատվեց. «Ով ինչքան կանգնեց, ով ինքան էր նեղված, ինչ կապ ունի»,-ասաց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Դատարանը, մեկ անգամ եւս դիմելով Հայկ Ալումյանին, հորդորեց, որ ոչ թե ցուցմունքի տեքստը ամբողջական ներկայացնի, այլ մեջբերումներ: «877 վկաների ցուցմունքները կարող եք դուք մեջբերել ոչ թե հղում կատարելով, այլ կարդալով, որը դատական նիստի շարունակական լինելու պայմաններում ամիսներ կարող է տեւել»,- դիմելով պաշտպանին՝ ասաց նախագահող դատավորը: Ինչին ի պատասխան Ալումյանն ասաց, որ այդ պատճառով էլ քիչ վկաների ցուցմունքներից է մեջբերումներ անում, ապա շարունակեց ներկայացնել Արշակ Կարապետյանի ցուցմունքը. «Դրանից հետո, որքան հիշում եմ, Քոչարյանն ասաց, որ այսօր ժամը 00:00-ից հայտարարում եմ արտակարգ դրություն: Դրան անմիջապես հաջորդեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որպեսզի ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երեւան քաղաքի կայազորի պետը: Խորհրդկացության ավարտից հետո սպաների մի հատվածի շրջանում դժգոհություն առաջացավ, թե ինչու պետք է ընդգրկվեն Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, չնայած դրան, ինչպես նշեցի, նախագահ Ռոբերտ Քոչարյանը զինված ուժերին արտակարգ դրություն հայտարարել էր 2008 թվականի փերվարի 23-ին, այսինքն՝ Գերագույն գլխավոր հրամանատարը առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կատարել է»,- մեջբերեց Ալումյանը՝ նկատելով որ սա հենց այն է, ինչի վրա մեղադրողները հղում են կատարում՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստաված համարելով: Հայկ Ալումյանն ասաց, որ խորհրդակցությանը մասնակցած այլ անձանց ցուցմունքների մասին իմացել են գործի նյութերը ստանալուց եւ դրանց ծանոթանալուց հետո, մինչ այդ, ըստ նրա, նախաքննական մարմինը եւ դատախազությունը չեն ներկայացրել կալանավորման ողջ ընթացքում:

«Ընդ որում, պարոն Քոչարյանն այս ընթացքում ասաց, որ այն մնացած անձանց ցուցմունքները, ովքեր էլի մասնակցել են այդ խորհրդացությանը, նախաքննական մարմինը ուներ եւ չէր ներկայացվում կալանավորման ողջ ընթացքում: Ալումյանը մեջբերումներ արեց նաեւ Սերժ Սարգսյանի ցուցմունքից:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Ըստ Ալումյանի՝ Սերժ Սարգսյանը հերքել է Արշակ Կարապետյանի ցուցմունքը: Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում նշել է, որ խորհրդակցությունից մանրամասներ չի հիշում, քանի որ երկար ժամանակ է անցել: «Խորհրդկացությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը: Ընդհանուր նպատակն է եղել ԶՈՒ ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարները այս պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին: Այսինքն՝ խորհրդակցության նխատակն է եղել՝ զգուշացնել, որ զինված ուժերի սպաները չներգրավվեն պրոցեսների մեջ: Ասում են՝ որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»: Ալումյանի այս խոսքերից հետո Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը առարակեց՝ նշելով, որ ըստ պաշտպանի՝ Սերժ Սարգսյանը հերքել է Արշակ Կարապետյանի ցուցմունքը, եթե հերքել է եւ այդ մասին չի նշել ցուցմունքում, ինչո՞ւ է ցուցմունքը հրապարակում:

Ըստ Բաղդասարյանի՝ այդ տրամաբանությամբ, որով պաշտպանը հրապարակում է ցուցմունքներից հատվածներ, պետք է հրապարակվեն շուրջ 800-ից ավելի վկաների ցուցմունքները: Ալումյանը ի պատասխան նշեց, որ պետք է ասել, թե Սերժ Սարգսյանը ոնց է հերքում, ինչ է ասում: Դատարանը եւս մեկ անգամ Ալումյանին հորդորեց հակիրճ մեջբերումներ անել ցուցմուքներից: «Մենք մասնակցում ենք մի դատավարության, որտեղ կողմերը եւ դատարանը ինձ փորձում են ասել, թե ես իմ խոսքը ոնց կառուցեմ»,- ասաց Հայկ Ալումյանը: Դատավոր Դավիթ Գրիգորյանը եւս մեկ անգամ հորդորեց ցուցմունքներից պարզապես մեջբերումներ անել, այլ ոչ թե հրապարակել ամբողջական ցուցմունքները՝ նշելով, որ ինչպես ինքը, այնպես էլ դատավարության մասնակիցները, դրանց բովանդակությանը ծանոթ են: «Այ, եթե դուք իրոք ծանոթ լինեիք վկաների ցուցմունքներին, կիմանայիք, որ ամբողջական ցուցմունքը չեմ հրապարակում, այլ պարզապես մեջբերում եմ անում»,- ասաց Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց, որ այդ նյութերը ժամանակին ե՛ւ քննչական մարմինը ե՛ւ դատախազությունը չեն ներկայացրել. «Մենք ստիպված այդ բացը լրացրինք…»,- ասաց նա՝ հավելելով. «Ուղղակի սա է պատճառը, եւ եթե դուք կարծում եք, որ սա մեջբերում չէ, ապա պարզ կասեինք, որ սա 20-30 էջից բաղկացած ցուցմունքն է»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ եթե դատախազությունը ժամանակին ներկայացրած լիներ այս ամենը, այսօր այս իրավիճակը չէր ունենա:

Ալումյանը կարծիք հայտնեց, որ այն, ինչն ինքը հիմա ասում է, շատ կարեւոր է եւ դա է պատճառը, որ դատախազությունը չի ցանկանում այս ցուցմունքները հրապարակել: «Հարմար է, նախաքննության ընթացքում այս ամենը քողարկել է նախաքննական գաղտնիքով, դատավարության ընթացքում փորձել դռնփակ անցկացնել այս հատվածը ու նորից քողարկել, իսկ հիմա, երբ արդեն որոշեցիք դռնբաց քննել հարցը, հիմա էլ թույլ չտալ, որ դրանք հրապարակեմ»,- նշեց Ալումյանը: Ի պատասխան դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ որեւէ մեկը պաշտպանի իրավունքը չի սահմանափակում:

Շարունակելով՝ Ալումյանն ընդգծեց Սարգսյանի ցուցմունքի այն դրվագը, որ խորհրդակցության նպատակն է եղել՝ զգուշացնել ԶՈւ սպայական կազմին՝ չներգրավվել քաղաքական գործընթացների մեջ։ Ըստ նրա՝ ցուցարարների պարագլուխներն ամեն ինչ արել են, որ բանակի սպաներին ներքաշեն պրոցեսների մեջ ու անցկացնեն իրենց կողմը, եւ սա պետք էր կանխել:

«Եվ դա առիթ հանդիսացավ, որ Հայաստանի նախագահն իրավացիորեն հանձնարարական տվեց՝ կա՛մ դիմում են գրում ու դուրս են գալիս Զինված ուժերի համակարգից եւ շարունակում մնալ ԵԿՄ-ում, կա՛մ դիմում են գրում, դուրս գալիս ԵԿՄ-ից եւ շարունակում ծառայել Զինված ուժերում», — իր ցուցմունքում ասել է Սերժ Սարգսյանը։

Ըստ նրա, Սերժ Սարգսյանի այս ցուցմունքը հաստատում է խափանման միջոցի վերաբերյալ նախորդ դատական նիստերում իրենց հնչեցրած պնդումները։

Այնուհետեւ Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որեւէ կապ չունի ռազմական դրության հետ.

«Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»,- Սերժ Սարգսյանի ցուցմունքը մեջբերեց Ալումյանը:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓