«Ես կհանեմ դու կվերցնես». թե ինչպես մոլորակի ուժեղագույն լողորդը՝ Շավարշ Կարապետյանը փրկեց ավելի քան քսան մարդու կյանք՝ չխնայելով սեփականը

Պատմությունը քիչ օրինակներ ունի, երբ մարդու կենդանության օրոք նրա մասին հյուսվում են լեգենդներ, ասքեր, երգեր: Այս ամենը լինում է նրանց մասին, ովքեր իրենց սխրանքով արդեն անմահացել են: Իսկ Շավարշ Կարապետյանն իր կյանքով ցույց տվեց, որ սխրանքները կատարվում են ոչ միայն պատերազմի ժամանակ, երբ որոշվում է ժողովրդի ճակատագիրը, այլև խաղաղ ժամանակ, այն օրերին, երբ արևը պայծառ լուսավորում է, երեխաներն անհոգ խաղում են, իսկ մայրերը՝ ժպտում:

Նա, ով փրկում է թեկուզ մեկ մարդու կյանք, արդեն քայլում է դեպի անմահություն: Ընդամենը մեկ մարդու կյանք: Շավարշ Կարապետյանը փրկեց քսան մարդու կյանք: Եվ հայրենքիը ըստ արժանվույն գնահատեց նրա սխրագործությունը: Եվ պատահական չէ, որ Շավարշն արժանացավ Միավորված ազգերի կազմակերպության սահմանած հազվագյուտ պարգևի՝ «Ազնվության և արդարության համար մրցանակի»: Նրա անունով կոչվեց փոքր մոլորակներից մեկը:

Իսկ ի՞նչ էր կատարվել Երևանյան լճում 1976թ.՝ սեպտեմբերյան այն առավոտ:

Այդ օրը ստորջրյա լողի տասնակի ռեկորդակիր, Եվրոպայի և երկրի բազմակի չեմպիոն, 130 սպորտային շքանշանի տեր Շավարշ Կարապետյանը և նրա եղբայր Կամոն ջրավազանում իրենց հերթական պարապմունքն էին անցկացնում: նրանք հանկարծ նկատեցին, որ քաղաքային տրոլեյբուսը, թռչելով ամբարտակի վրայով, սուզվեց ջրի մեջ:

Պատահականություն էր, որ այդ պահին երկու եղբայրներիը լճի ափին էին, բայց պատահականություն չէր այն, որ առաջինը նրանք հասան վթարի տեղը և մի քանի վայրկյանից արդեն ջրի մեջ էին: Երկու եղբայրներ՝ մոլորակի երկու ուժեղագույն լողորդներ, հայտնվեցին այնտեղ, որտեղ գուցեև նրանք ավելի էին հարկավոր, քան որևէ այլ տեղ աշխարհում:

Դժվար է առանց ակվալանգի հաղթահարել տասմետրանոց խորությունը: Քչերը կարող են շնչառությունը ջրի տակ պահել ավելի քան հինգ րոպե: Եվ վերջապես ամենակարևորը՝ արագությունը: Մեր մոլորակի ավելի քան վեց միլիարդ բնակիչներից ոչ մեկը այն ժամանակ չէր կարող Կարապետյան եղբայրներից ավելի արագ լողալ:

Ավագ եղբայրն իր վրա վերցրեց հրամանատարությունը: Եվ ընդամենը չորս բառով. «Ես կհանեմ դու կվերցնես»:

Հետագայում, երբ ամբողջ աշխարհն իմացավ Շավարշ Կարապետյանի կատարած սխրանքի մասին, նրան հրավիրեցին Երևանի մանկական գրադարան՝ պատանի ընթերցողների հետ հանդիպման: Մի աղջիկ հարցրեց. «Երբ դուք մտաք տրոլեյբուս սկզբում փնտրեցիք երեխաների՞ն»: Շավարշը աղջնակին պատասխանեց, որ անլույս խավարում՝ տրոլեյբուսի ցիրուցան արած տիղմի մեջ, ամեն բան կատարվում էր շոշափելու միջոցով, հնարավոր չէ ընտրություն կատարել: Նա բռնում էր առաջին իսկ պատահածին և սրընթաց հանում ջրի մակերես: Իսկ այստեղ կամոն վերցնում էր անշունչ մարմինը և հասցնում արդեն տեղ հասած փրկանավակին: Բայց փրկվածների մեջ նաև երեխաներ կային:

Ամեն անգամ, երբ Շավարշը հայտնվում էր ջրի երեսին, որպեսզի մի քանի խոր շնչառությամբ հավաքի օդի հերթական անհրաժեշտ պաշարը, նրա մարմինը վայրկենապես պատվում էր կարմիր բծերով. նա ամբողջապես քերծված և վիրավորված էր լուսամուտի ապակիների բեկորներից:

… Շավարշը ջրից հանեց ավելի քան քսան մարդ: Բայց ընդամենը քսան մարդու հաջողվեց կյանքի վերադարձնել:Շավարշը պատրաստ էր ջրից հանել բոլորին: Բայց ժամանակը կատարեց իր ողբերգական գործը. որքան էլ աշխարհի ռեկորդակիրն աշխատեց սեղմել այն, մարդիկ չապրեցին:

Երբ հսկայական տրոլեյբուսը ճոպանով բարձրացնում էին վերև, Շավարշը սկսեց կորցնել գիտակցությունը: Քառասունհինգ օր նա պայքարում էր կյանքի ու մահվան միջև, միայն 46-րդ օրը չեմպիոնի գիտակցությունը վերականգնվեց:

Տասնհինգ օր հետո սկսեց քայլել սենյակում, իսկ կես տարի հետո մեկնարկի դուրս եկավ միջազգային մրցույթում և սահմանեց իր վերջին՝ տասնմեկերորդ համաշխարհային ռեկորդը: Հենց դրանից հետո էլ կատարվեց անհավատալին: պարզվեց, որ աշխարհի ամենաուժեղ լողորդը չի կարողանում չորս րոպեից ավելի մնալ ջրի տակ. ալերգիա:

Դա նույնն է, որ խլանա մեծ երաժիշտը, կամ կուրանա նկարիչը…

Եվ հանկարծ մենք իմացանք Շավարշի նոր սխրագործության մասին:

Դարձյալ միանգամայն պատահաբար նա բոլորից շուտ հայտնվեց ողբերգության վայրում: Երևանում վառվեց մարզահամերգային դահլիճը: Շավարշն առաջիններից մեկն էր, որ վազեց դեպի վառվող շինությունը: Հրդեհը նա հանգցնում էր այնքան ժամանակ, մինչև որ շնչահեղձ եղավ այրիչ գազերից: նրան շտապոօգնության մեքենան տարավ ուղիղ քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: բժիշկները մի քանի օր համառ պայքար էին մղումչեմպիոնի կյաքնը փրկելու համար: Իսկ հիվանդանոցի բակում հավաքվել էր մարդկանց մի հոծ բազմություն:

Մարդիկ եկել էին իմանալու Շավարշի առողջական վիճակի մասին, այն մարդու, որը լավ յուրացրել է բոլոր ժամանակների և ժողովուրդների սկզբունքը. «Մարդու կյանքից ավելի թանկ բան կարող է լինել միայն մարդկային կյանքը»…

 

Ըստ Վիկտոր Բալայանի

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓