Հայաստանի միակ ավտոմեխանիկ կինը. առաջինն աչքի է ընկնում խնամված եղունգները. ահա, թե ով է նա..

Հայաստանում նա միակ կինն է, որ մեքենա է նորոգում

Երկար խնամված եղունգներ, թեթև ցերեկային դիմահարդարում և գեղեցիկ սանրվածք: Առաջին հայացքից թվում է` անսովոր ոչինչ չկա: Հայաստանում գրեթե բոլոր կանայք այդպիսի տեսք ունեն: Սակայն Էվելինա Մարկոսյանի դեպքում ամեն ինչ այլ է: Նա Հայաստանում միակ կինն է, որը զբաղվում է ավտոմեքենաների դիագնոստիկայով:

Գեղեցկություն ու շարժիչներ…

Էվելինայի հետ ծանոթացա իր աշխատավայրում, որտեղ մեքենայի շարժիչի ծածկոցը (капот) բացել և պարզում էր շարժիչի խափանման պատճառը: Ողջունեցինք:

Առաջին բանը, որ աչքիս ընկավ, երկար, խնամված եղունգներն էին:

-Ձեզ հարմա՞ր է նման եղունգներով մեքենաներ նորոգել, – հարցրի ես:

-Իհարկե, – պատասխանեց Էվելինան,- կինը մի՛շտ պետք է խնամված տեսք ունենա:

Էվելինան 35 տարեկան է: Մասնագիտությամբ ծրագրավորող է, ավարտել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

2005թ–ից աշխատում է ավտոսպասարկման ընկերությունում:

Ավտոմեխանիկի արտահագուստով…

էվելինան պատմում է, որ պատահաբար է գնացել ավտոսրահ: Աշխատանք են առաջարկել, ինքն էլ չի հրաժարվել, քանի որ ավտոմեքենաներ սիրել է մանկուց:

«Այդ պահին ես տարբերում էի միայն ավտոմեքենաների մակնիշները: Բայց գլուխ էի հանում էլեկտրոնիկայից և մեխանիկայից», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Էվելինան:

Վեց տարի առաջ էր, երբ նորոգեց առաջին մեքենան: Հետո ստացվեց այնպես, որ ավտոսրահը մնաց առանց ավտոէլեկտրիկի: Եվ հենց այդ ժամանակ բերեցին մի մեքենա, որը երաշխիքային սպասարկման մեջ էր և շտապ նորոգելու կարիք ուներ: Էվելինան գործի անցավ և կարողացավ լուծել բոլոր հարցերը:

Դեպք է եղել, երբ Էվելինան վերանորոգել է հաճախորդի ավտոմեքենան, իսկ նա այդ մեքենայով գնացել է Վոլգոգրադ: Բայց հետո դեռ երկար զանգել ու խորհրդակցել է, թե ինչպես կարելի է լուծել այս կամ այն խնդիրը: Եվ նույնիսկ վարորդ ընկերներին տվել է Էվելինայի հեռախոսահամարը` խորհուրդ տալով դիմել նրան՝ որպես ավտոմեքենաների վերանորոգման լավ մասնագետի:

«Եթե ինչ-որ բարդ իրավիճակ է լինում, մեքենայի հետ կապված խնդիր, սկսում ենք քննարկել, խորհրդակցել, որպեսզի և՛ մարդու վրա թանկ չնստի, և՛ խնդիրը լուծենք», – ասում է Էվելինան:

Նա խոստովանում է, որ հաճախորդները զարմանում են, երբ տեսնում են` սրահում նրանց խորհուրդներ է տալիս կինը: Բայց հետո հարմարվում են և կարող են նույնիսկ կեսգիշերին զանգահարել և խորհուրդ հարցնել:

Իսկ աշխատանքից հետո Էվելինան գնում է այլ աշխատանքի: Նա մանկուց երազել է դիզայներ դառնալ, և վերջերս նրան հաջողվել է կյանքի կոչել իր երազանքը. հարսանեկան զգեստների սրահ է բացել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓