Ողբերգական վթար Արագածոտնի մարզում. մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 17-ին ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Մ. Կրպեյանը «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Շամշյանի հաղորդած տվյալներով, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սահակյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մ. Կրպեյանը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրն էր:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓